Մոսկվայում կայացել է «Synergy Global Forum 2016» ամենամյա բիզնես-համաժողովը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Synergy Global Forum 2016» ամենամյա բիզնես-համաժողովին, որն այս անգամ համախմբել էր ՌԴ-ից, ԱՊՀ երկրներից և Եվրոպայից ավելի քան 6000 մասնակիցների: Համաժողովի շրջանակում վարպետության դասերով հանդես են եկել մարքեթինգի, նեյրո-մարքեթինգի, ֆինանսների, ժամանակի կառավարման ոլորտների առաջատար մասնագետներ Բոդո Շեֆերը, Դևիդ Ալլենը, Իգոր Մաննը: «Synergy Global Forum 2016»-ի հատուկ հյուրն աշխարհահռչակ Գայ Կավասակին է եղել: Հետխորհրդային երկրների միջև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման կոնֆերանսի շրջանակում քննարկվել է քաղաքային տրանսպորտի, սոցիալական հարմարությունների, առողջապահության, կրթության և անվտանգության ոլորտներում կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների և արդի լուծումների կիրառումը: Երևանյան պատվիրակության անդամ, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն իր ելույթում, ըստ ուղղությունների, մանրամասն ներկայացրել է Երևանի «Խելացի քաղաք» ծրագրի կայացման մոտեցումները: Համաժողովի շրջանակում քննարկված թեմաների հետ կապված առաջարկները գործնականում կիրառելու և փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են կազմակերպվել նաև Մոսկվայի Երթևեկության կառավարման կազմակերպման, Կրթության տեխնոլոգիական արդիականացման և Հանրային ծառայությունների բազմաֆունկցիոնալ կենտրոններում: