Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է

Պաշտոնական այցով ԱՄՆ այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: 
Երկկողմ համագործակցության օրակարգում քաղաքապետներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: 
Կարևորելով Լոս Անջելեսի փորձն ու գրանցած հաջողությունները նշված գործընթացներում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև թվային վերափոխման ճանապարհով անցնող Երևանի համար: 
Քաղաքապետ Քերըն Բասսն իր հերթին նշել է, որ Լոս Անջելեսը կանգնած է քույր քաղաք Երևանի կողքին և պատրաստ է իր փորձն ու «խելացի» լուծումները փոխանցել՝ նախաձեռնված բարեփոխումները կյանքի կոչելու համար: 
Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Օրակարգում թվային վերափոխումն է:   
Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, որ համագործակցություն կծավալվի տեխնոլոգիաների օգտագործմամբ բարձրորակ ծառայություններ մատուցելու և «խելացի» լուծումներ մշակելու նպատակով: Փոխըմբռնման հուշագրը ստորագրեցին Լոս Անջելեսի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Թեդ Ռոսը և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը: