Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է <<Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ>> համաժողովին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, <<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՓԲԸ-ն, <<ԲԻԱ էսֆերա>> ընկերության աջակցությամբ, հունիսի 6-ից 7-ը Մոսկվայի կառավարության տանը մասնակցել է տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական փոխգործակցության <<Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ>> 9-րդ համաժողովին: Կազմակերպչական հարցերով աջակցել է ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչությունը: Համաժողովի շրջանակում կազմակերպված <<Խելացի և ապահով քաղաք>> (Smart & secure city) ցուցահանդեսում երևանյան պատվիրակությունը ներկայացրել է <<Քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների բազմաֆունկցիոնալ համակարգի>> միասնական լուծումը: Համաժողովին և ցուցահանդեսին մասնակցել են պատվիրակություններ ՌԴ 83 սուբյեկտներից, ինչպես նաև ԱՊՀ և Եվրասիական տարածաշրջանից հրավիրված այլ երկրներից: Երևանի տաղավարում ներկայացված նախագիծը մեծապես հետաքրքրել է մասնակիցներին: Համաժողովի ընթացքում քննարկվել են ներկայացված նախագիծն այլ քաղաքներում ներդնելու և հնարավոր համագործակցության հարցեր: Նշենք, որ նման միջոցառումներին Երևանի մասնակցությունը կնպաստի նաև քաղաքի վարկանիշի բարձրացմանը:Համաժողովի ավարտին երևանյան պատվիրակության անդամները պարգևատրվել են դիպլոմներով: