Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի և www.myyerevan.am կայքի թարմացված տարբերակները
<<Էրեբունի-Երևան 2794>> տոնակատարությանն ընդառաջ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի և www.myyerevan.am կայքի թարմացված տարբերակների շնորհանդեսը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի գլխավոր էջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն է ինչպես երևանցիներին, այնպես էլ համայն աշխարհի հայերին ու մայրաքաղաքի հյուրերին: Ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումը քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում բնակիչների կարծիքներն ու առաջարկները կարևորելու և դրանք կյանքի կոչելու հարցում` աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշել է, որ կայքը ծառայելու է նաև որպես բնակիչների և քաղաքապետարանի միջև համագործակցութան և համատեղ աշխատանք ծավալելու յուրօրինակ հարթակ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը մատնանշել է պաշտոնական կայքի գլխավոր էջում ներկայացված թեժ գծի 4 հեռախոսահամարները, որոնցից մեկը`1-08, գործում է շուրջօրյա, իսկ մյուս երեքը` 51-41-52, 51-41-87 և 51-42-36, բոլոր աշխատանքային օրերին` ժամը 9:00-ից մինչև 18:00:
Արթուր Գևորգյանը նաև հավելել է, քաղաքապետի հանձնարարությամբ` թեժ գծով ստացված ահազանգերն ու առաջարկներն ամեն օր զեկուցվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, իսկ կատարման ընթացքը լինելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: Ի դեպ, կայքի ինտերակտիվ քարտեզ բաժնում զետեղված է նաև <<Էրեբունի-Երևան 2794>> տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների, փակ փողոցների ցանկը և այլ մանրամասներ: Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ, ներկայացնելով www.myyerevan.am երկլեզու կայքի թարմացված տարբերակը, նախ նշել է, որ այն, ըստ էության, նաև զբոսաշրջային կայք-պորտալ է, ուր հաճախելով կարելի է պատկերացում կազմել Երևանի մասին և, ցանկության դեպքում, ուղիղ միացումով հետևել քաղաքի այս կամ այն հատվածի անցուդարձին կամ անցկացվող տարաբնույթ միջոցառումներին: Նա նաև նշել է, որ արդեն առանձին առկա է <<Էրեբունի-Երևան 2794>>-ին առնչվող ամբողջական տեղեկատվությունը` հավելելով, որ հոկտեմբերի 14-ին www.myyerevan.am կայքի միջոցով բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան տոնական տարբեր հարթակներում ընթացող միջոցառումներին հետևել նաև ուղիղ տեսամիացումների միջոցով: