Երևանում անցկացվեց ArmBigData մրցույթ-հեքեթոնը

Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14-ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքըթոնը, որն այս տարի նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը: Ծրագրի նախաձեռնողը Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջն էր: Հեքըթոնին մասնակցել են ոլորտի տասնյակից ավելի հայաստանյան առաջատար ընկերություններ: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը: Իր ելույթում կարևորելով նախաձեռնությունը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի ընթացքում առաջարկված լուծումները հետաքրքրական կլինեն նաև ներդրումային դաշտի համար: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը միանշանակ գրավիչ է ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա ներդրողների համար: Կարծում եմ՝ այն լուծումները, որոնք առաջարկվել են, առավել մանրամասն կուսումնասիրվեն առաջիկայում և դրանցից մի քանիսը հնարավոր կլինի կյանքի կոչել հենց ներդրումային ծրագրերի միջոցով: Առհասարակ նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են նաև գործարար միջավայրի բարելավման, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի տեսանկյունից», - նշել է Տիգրան Սարգսյանը: Մրցող թիմերի աշխատանքները գնահատել են ծրագրավորման և հեռահաղորդակցության աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներից, ղեկավարներից, գիտնականներից, ինչպես նաև Հայաստանի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի անդամները: ArmBigData մրցույթ-հեքըթոնի ժյուրիի կազմում էր նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը: «Մենք պարբերաբար ուսումնասիրում և փորձում ենք գտնել նոր լուծումներ Երևանի ու մեր համաքաղաքացիների համար կարևորագույն խնդիրների շուրջ: Հենց սրանով է պայմանավորված ու կարևորված Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը ժյուրիի կազմում: Հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում տուրիզմի զարգացման, տրանսպորտի ցանցի բարելավման և մի շարք ուղղություններով ներդրվել են էլեկտրոնային տարբեր ծրագրեր, որոնց արդյունքը բնակիչները զգացել են անձամբ: Այսպիսի հեքըթոնը լավ հնարավորություն է ինչպես ՏՏ ոլորտի խթանման, նոր հնարավորությունների ստեղծման, այնպես էլ կառավարման ոլորտում նորարարությունների ներդրման համար»,-նշել է Սարգիս Մանուկյանը: Հեքըթոնի մասնակիցներին մրցույթի շրջանակում առաջադրվել էր մասնավորապես մայրաքաղաքում զբոսաշրջության ենթակառուցվածքի թիրախային զարգացման, ազատ կայանատեղիների որոնման, տրանսպորտային հոսքերի և ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորման, ինչպես նաև քաղաքային լուսավորության, աղբահանության և մի քանի այլ ոլորտների շուրջ խնդիրներ: Հեքըթոնը շարունակվել է 18 ժամ: Գնահատման հիմնական սկզբունքներն էին նորարարությունը, տեխնոլոգիաների օգտագործումն ու լուծման ազդեցությունը: Արդյունքների ամփոփումից հետո հաղթող է ճանաչվել PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում է առաջարկել հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների վերաբերյալ: 2-րդ տեղը զբաղեցրել է Դիլիջանի ուսումնահետազոտական թիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երևան քաղաքում կայանատեղի գտնելու խնդրին: 3-րդ տեղում հեքըթոնի ամենաերիտասարդ մասնակիցների՝ ԹՈՒՄՈ կենտրոնի թիմն էր, ովքեր հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա լուծումներ էին ներկայացրել միգրացիոն հոսքերի ուղղությունների վերաբերյալ: Կազմակերպիչների խոսքով ծրագիրը նպատակն ունի հիմնել տվյալների վերլուծության լաբորատորիա (Armenia BigData Lab), ինչը հնարավորություն կտա Հայաստանի ՏՏ ոլորտում առկա հզոր ներուժը կիրառել նաև տվյալների կառավարման ոլորտում: