Գովազդի տեղադրման թույլտվություն՝ էլեկտրոնային եղանակով
Մայրաքաղաքում գովազդային դաշտի կառավարման արդյունավետությունը մեծացնելու նպատակով նախաձեռնվել է «Արտաքին գովազդի կառավարման էլեկտրոնային համակարգ»-ի ստեղծումը: Ծրագիրը մշակվել է 2015 թ.-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Համակարգը հնարավորություն է տալիս մասնագիտական գովազդային գործունեություն ծավալող ընկերություններին, առանց քաղաքապետարան և վարչական շրջաններ այցելելու, ներբեռնելով գովազդային ուրվանկարները և նշելով դրանց տեղադիրների հասցեները, ստանալ մայրաքաղաքում ներկայացված գովազդի տեղադրման թույլտվություն` էլեկտրոնային եղանակով: Համակարգը ներկայացվել է գովազդային ընկերություններին` նաև նրանց դիտարկումներն ու առաջարկները հաշվի առնելու համար: Երկամսյա փորձարկում անցնելուց հետո ծրագիրը, բոլոր լրամշակումներով հանդերձ, կսկսի կիրառվել մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից: Գովազդային ընկերություններին միաժամանակ ներկայացվել է Երևանի ավագանու ընդունած որոշումը, որով փոփոխություններ են կատարվել գովազդային չափորոշիչներում: Ըստ այդմ, միասնական ձև է սահմանվել գործունեության նույն ոլորտի կազմակերպությունների գովազդային ցուցանակների համար, և կրճատվել են գովազդի թույլտվություն ստանալու ժամկետները: