Ներկայացվել է նոր՝ www.iyerevan.am կայքը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, <<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի www.iyerevan.am կայքը: Ընդգծելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մշտապես կարևորվում է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավումն ու քաղաքացիների մասնակցության ապահովումը քաղաքի կառավարման գործում, կայքի հեղինակները, ներկայացնելով այն, նշել են, որ առաձնացված տարբեր բաժիններով յուրաքանչյուր ոք, ցանկության դեպքում, կարող է իր մասնակցությունն ունենալ քաղաքապետարանի կողմից Երևանի բարեկարգման և արտաքին տեսքի ձևավորմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու քննարկմանը, բարձրացնել հարցեր՝ ներկայացնելով դրանց լուծման սեփական տարբերակը: Առաջարկություններ անելու համար քաղաքացին պետք է գրանցվի համակարգում կամ օգտագործի Facebook սոցիալական ցանցի իր գրանցումը: Քաղաքացիները iyerevan.am-ում կարող են մասնակցել նաև քննարկումների, ծանոթանալ ընթացիկ և իրականացված ծրագրերին: Կայքի միջոցով նաև հայտարարվելու են բաց մրցույթներ:
<<Նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել <<Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի>> մշակմանը և ներկայացնել առաջարկություններ: Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և կյանքի կկոչվեն։ Բացի այդ, նախատեսում ենք նաև Երևան քաղաքի գովազդային հայեցակարգի մշակման և մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթներ>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Կայքը նաև հնարավորություն է ընձեռում տեղեկանալ քաղաքային տնտեսության բարելավմանը, կրթական, մշակութային, սոցիալական և այլ խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին և, նվիրատվությունների միջոցով, աջակցել դրանց իրագործմանը՝ սեփական ներդրումն ունենալով Երևանի համաչափ զարգացման գործում:
Ծրագիրն, ի դեպ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության հերթական արդյունքն է և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ <<Գեղեցիկ Երևան>> ծրագրի շրջանակում: