«Խելացի քաղաք» հաքաթոն Երևանի քաղաքապետարանում
Հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը: Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող հաքաթոնի նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է:
Հաքաթոնի ընթացքում շուրջ 70 մասնակիցներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով, երեք հիմնական ուղղություններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ. տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն:
Ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ. լավագույնը ճանաչված գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և երրորդը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
«Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է Կոլբա լաբ ստարտափ ինկուբատորի հետ համատեղ «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: