Գործարկվեց mankapartez.yerevan.am կայքը
Երևանի քաղաքապետարանը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ գործարկեց երեխաների՝ մանկապարտեզներ հերթագրման գործընթացը թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող կայք՝ mankapartez.yerevan.am:
Առցանց համակարգի շնորհիվ իրենց երեխաների հերթին սպասող ծնողները այսուհետ հնարավորություն ունեն անձամբ կհետևել հերթի ողջ ընթացքին:
Կայքում ներկայացված են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր մանկապարտեզները՝ մանրամասն տեղեկատվություններով. առկա խմբատեսակները, տարիքային խմբերը, հերթագրված երեխաների քանակները:
Իրենց երեխայի հերթը համակարգում ստուգելու համար, ծնողին անհրաժեշտ է նախ մուտք գործել համակարգ՝ նշելով
- 1) մանկապարտեզը,
- 2) երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը,
- 3) երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիսն և համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ գրանցելիս: Տվյալը անհրաժեշտ է լրացնել առանց բացատների և համարի նշանի:
Ծանոթություն բաժնում ներկայացված են երեխաների՝ ըստ տարիքային խմբերի համապատասխանելիության մանրամասները: Տարբերությունները ներկայացված են գույներով, որոնք չորսն են՝ կանաչը և կապույտը նշանակում են, որ երեխան համապատասխանում է իր տարիքային խմբին, կարմիրը՝ որ չի համապատասխանում, իսկ նարնջագույնը՝ որ երեխան արտահերթությամբ կարող է ընդունվել պարտեզ:
Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երևանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ, որը ևս առկա է կայքում: Քաղաքապետի տվյալ որոշումը տարածվում է ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաների վրա և այլն:
Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաև առցանց հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է: