Խելացի կայանատեղի Երևանի Ազատության հրապարակում

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին արդիականացվել է. ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:

Ավտոկայանատեղի մուտք գործելիս՝ խելացի համակարգը հատուկ տեսախցիկների միջոցով ինքնաշխատ կարդում է մեքենայի պետհամարանիշները և ելքի համար ավտոմատ կերպով ձևավորում կայանման համար վճարման հաշիվը: Ավտոկայանատեղիի 3 հարկերում տեղադրվել է ժամանակակից 6 վճարահաշվարկային սարք՝ ընձեռելով վարորդներին հնարավորություն տարբեր եղանակներով վճարումներ կատարել՝ կանխիկ (մանրի վերադարձով) և անկանխիկ (հպումայն և ոչ հպումային բանկային քարտ, NFC, էլեկտրոնային վճարման համակարգեր):

Նոր համակարգը ստեղծելու և ինտեգրելու համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձը և ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները: Այս բարդ խնդիրը լուծելու համար կիրառվել են ամենաարդիական թվային լուծումները:

Ազատության հրապարակի ստորգետնյա այս ավտոկայանատեղին հանդիսանում է համայնքային սեփականություն, և հետևաբար, վճարները մուտքագրվում են համայնքային բյուջե և ծառայում հենց համայնքին: Բացի այդ, ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի մասնավոր այլ կայանատեղիների, տվյալ կայանման սակագներն ավելի մատչելի են:

Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել կայանատեղիի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, իսկ վճարնեն հնարավոր էր կատարել միայն կանխիկ եղանակով: Թեև ներկայիս համակարգի ներդրումն իրականացվել է վերջերս, արդեն նկատելի են ծառայությունների որակի բարձրացումը, ծախսերի կրճատումն ու համայնքի եկամուտների էական ավելացումը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ծանոթանալով ներդրված համակարգերին, բարձր է գնահատել իրականացված աշխատանքների որակը և հարմարավետությունը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոկայանատեղիում գործում են հետևյալ սակագները՝
09:00-24:00`1 ժամի կայանման արժեքը՝ 200 դրամ
24:00-09:00՝ 1 ժամի կայանման արժեքը՝ 100 դրամ
Ամբողջ գիշեր կայանման արժեքը՝ 500 դրամ
Ամսական բաժանորդագրության արժեքը՝ 20,000 դրամ

Կայանատեղին տեղավորում է շուրջ 500 ավտոմեքենա: