Մեկնարկել են համայնքի արդյունավետ կառավարմանը նպաստող թվային համակարգային բարեփոխումներ

Ինչպե˚ս մատուցվող ծառայությունները դարձնել ավելի մատչելի: Ոլորտի բարելավումը քաղաքային իշխանությունը տեսնում է ծառայությունների ամբողջական թվայնացմամբ։ Թվայնացման շնորհիվ համայնքային ծառայություններն ավելի հասանելի կդառնան, իսկ գործընթացները՝ ավելի արդյունավետ և թափանցիկ:

Ներկայումս քաղաքի համար մշակվում են միաժամանակ մի քանի թվային նախագծեր։ Որպեսզի քաղաքացու թղթային ոչ մի նամակ կամ դիմում չկորչի և սահմանված ժամկետում պատասխան ստանա, ապրիլի 1-ից քաղաքապետարանը գործարկեց փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը (yerevan.am) թարմացվում է և պատրաստ կլինի թողարկվել 2022 թվականի դեկտեմբերին։ «Քաղաքապետարանի կայքը մշակվել և ներդրվել է 2012թ., արդեն 10 տարի ծառայում է քաղաքացիներն, բայց քանի որ տեխնոլոգիաները փոխվել են, այն պահանջներին այլևս չի բավարարում»,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Շահագործման կհանձնվի նաև արտաքին գովազդի կառավարման համակարգը: Այն հնարավորություն կտա տնտեսվարողներին և գովազդային կազմակերպություններին դիմումից մինչև գովազդի թույլտվություն ամբողջ գործընթացն անցնել համակարգչով կամ հեռախոսով: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է լինելու գրանցվել՝ նշելով էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը:

Կրթության ոլորտի թվայնացման 2 հաջողված նախագծերից՝ մանկապարտեզների և երաժշտական դպրոցների կառավարման համակարգերից հետո հերթը հասավ մարզադպրոցներին: Հարթակում ներառված է համայնքային ենթակայության 37 մարզական կազմակերպություն: Մարզադպրոցների կառավարման համակարգում ներկայացված կլինեն մարզադպրոցները, մարզիչները, մարզիկներն ու նրանց նվաճումները:

Երևանն առաջնորդվում է «Խելացի քաղաք» հայեցակարգով՝ ըստ առաջնահերթության փուլային եղանակով անցնելով թվային կառավարման և կիրառելով 5-րդ սերնդի տեխնոլոգիաները:

 

Հավելյալ տեղեկությունների համար հետևեք հղմանը: