Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացել է նաև Երևանի քաղաքապետարանը

Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված ցուցահանդեսին առանձին տաղավարներում իրենց նվաճումներն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչություններ, մասնավոր ընկերություններ, հիմնադրամներ և այլն: Քաղաքապետարանի «Երևանը 2800-ամյակին ընդառաջ» խորագիրը կրող տաղավարում ներկայացվել են ժամանակակից Երևանի ձեռքբերումները: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն ներկայացրել է «Խելացի քաղաք» ծրագրի տեսլականը: Պոտենցիալ ներդրողներին էլ Երևանի քաղաքապետարանում ներկայացրել են մայրաքաղաքում առկա ներդրումային փաթեթների հետ, մասնավորապես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Կարմիր բլուր հնավայրի և Շենգավիթ արգելոց թանգարանի ներդրումային փաթեթները, իսկ ցանկացողներին տրվել են այդ փաթեթները պարունակող սկավառակներ: Տաղավարում ներկայացվել է նաև Շենգավիթ արգելոց թանգարանի նախագծի մանրակերտը: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը ներկայացրել է մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման ուղղությունները, ինչպես նաև Երևանի ձեռքբերումներն աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում: «Կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին այս ձևաչափով, հատկապես Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին: Երևանը ներդրումային ակտիվ միջավայր ունեցող, զբոսաշրջային, խելացի, զարգացող ու մրցունակ քաղաք է, և հարկավոր է, որպեսզի հնարավորինս շատերը ծանոթ լինեն մայրաքաղաքի մեր տեսլականին և առաջիկա անելիքներին:

Ցուցահանդեսի ընթացքում մեր տաղավարի կազմակերպչական թիմը ստացավ բազմաթիվ հետաքրքիր առաջարկություններ՝ կապված Երևանի հիմնադրման 2800-ամյակի հետ, որոնք, համապատասխան քննարկումներ անցնելուց հետո կներառվեն տարբեր ծրագրերի շրջանակում»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: Երևանի քաղաքապետարանի տաղավարն ընդունել է շուրջ 600 այցելուի, որոնց բաժանվել են մայրաքաղաքի երկլեզու քարտեզներ, ուղեգրքեր, ինչպես նաև քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունը:

Այցելուների թվում եղել են պետական պաշտոնյաներ, գործընկերներ Արցախից, ինչպես նաև Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով մայրաքաղաք ժամանած բազմաթիվ սփյուռքահայեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից, Հորդանանից և մի շարք այլ երկրներից: Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի տաղավարում այցելուներին հետաքրքիր անակնկալ է մատուցել photobooth.am ընկերությունը՝ ակնթարթային լուսանկարների տեսքով: Իսկ «360» ընկերությունը ներկայացրել է վիրտուալ էքսկուրսիոն համակարգ Երևանով: